Նորություններ

ՏԵՂԱԴՐՎԱԾ Է Մայիս 31, 2011

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 31.05.2011թ. որոշմամբ անփոփոխ է թողել ՀՀ վարչական դատարանի 11.02.2011թ. վճիռը:

Սույն գործով <Փրինթինֆո> ՀՁ ՍՊ ընկերության աշխատակից Սերգեյ Սահակյանը ուղեկցող փաստաթղթերին համապատասխան կազմել էր մաքսային հայտարարագիրը, սակայն հետագայում պարզվել է, որ ներմուծված ապրանքի փաստացի քանակը չի համապատասխանում հայտարարագրված քանակին: Անձը ենթարկվել էր պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հիմքով:   ՀՀ վարչական դատարանը իր վճռով անվավեր էր ճանաչել վարչական տույժի որոշումը:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշման համաձայն. բողոքաբերը փաստում է, որ Սերգեյ Սահակյանը հայտարարաgրումը կատարել է ոչ ճիշտ տեղեկություններով: Դա չի էլ հերքվում գործի տվյալներով ու Վճռով: Խնդիրն այստեղ մեղքի առկայության մասին է: Իսկ այդ առումով բողոքաբերի պնդումը հերքվում է ՎԻՎ օրենսգրքի 9-րդ, 245-րդ, 247-րդ հոդվածների կիրառմամբ Վճռով բերված վերլուծությամբ ու մասնավորապես, ՍԴՈ-920 որոշմամբ արտահայտված դիրքորոշմամբ: Այնուհետ դատարանը եզրահանգել է, որ  Ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Սահակյանը ներմուծված բեռը 05.03.2010թ. թիվ C 1429 ԲՄՀ-ով հայտարարագրել է` հիմք ընդունելով ուղեկցող փաստաթղթերը: Այսինքն, ընկերության լիազորված անձը կատարել է իր պարտականությունը և իրեն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալների համապատասխան լրացրել է հայտարարագիրը: Ընդ որում Սերգեյ Սահակյանը որևէ պարտավորություն չի ունեցել ստուգելու առաքված բեռի համապատասխանությունն ուղեկցող փաստաթղթերին: Դատարանը գտել է, որ նշված հոդվածը սահմանում է հայտարարատուի իրավունքները և պարտականությունները և այդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ մինչև հայտարարագրումն ապրանքները չափելը և զննելը հայտարարատուի իրավունքն է և ոչ թե պարտականությունը, իսկ իրավունքը վարքագիծն ընտրելու հնարավորությունն է և ոչ թե պարտականությունը:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ գրասենյակի փաստաբան Մարիամ Ղուլյանը հանդիսացել է ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ դիմումի համահեղինակներից:

Քննելով այդ հարցը ՀՀ Սահմանադրական դատարանը 12.10.2010թ. թիվ ՍԴՈ-920 որոշմամբ ամրագրել է. <Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 200-204-րդ հոդվածների սահմանմամբ օրենսդրի նպատակը վարչական պատասխանատվություն սահմանելն է ոչ թե Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների չհայտարարագրման դրսևորման բոլոր դեպքերի համար, այլ միայն այն դեպքերի, որոնց հետևանքով չի ապահովվում կոնկրետ ապրանքի և տրանսպորտային միջոցի կամ դրանց առանձին խմբաքանակի` այդ չափով մաքսատուրքերի գծով պետական բյուջեի մուտքերը:…Միաժամանակ, նկատի ունենալով, որ վիճարկվող նորմում, ՙայսինքն դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելը՚ արտահայտությունը կարող է թույլ տալ նորմի այնպիսի մեկնաբանություն, ըստ որի` վիճարկվող նորմով նախատեսված պատասխանատվությունը կարողղ է կիրառվել նաև հայտարարագրման սահմանված կարգից ցանկացած շեղման դեպքում` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող նորմով նախատեսված արարքի համար անձի վարչական պատասխանատվությունն իրավաչափ է միայն այն դեպքում, երբ այդ պատասխանատվությունը նպատակաուղղված է մաքսային պարտավորությունների կատարումն ապահովելու` վերը նշված իրավաչափ նպատակին հասնելուն: Հետևաբար, այն դեպքում, երբ տեղափոխվող ապրանքի կամ տրանպորտային միջոցի մասին ճշգրիտ տեղեկություններ չհայտարարագրելը չի հանգեցրել ապրանքի կամ տրանսպորտային միջոցի մաքսային արժեքի նվազեցմանը և ըստ այդմ չի հանգեցրել օրենքով սահմանված կարգով և չափով մաքսատուրք վճարելու սահմանադրական պարտականության ոչ պատշաճ կատարմանը, նշված արարքի համար պատասխանատվությունը` վիճարկվող նորմով սահմանված չափով, դառնում է ինքնանպատակ և չի բխում վիճարկվող նորմի ընդհանուր իրավակարգավորման առարկայից>: