Նորություններ

ՏԵՂԱԴՐՎԱԾ Է Ապրիլ 30, 2015

Մեր գրասենյակի փաստաբանների հերթական հաղթանակը.

ՀՀ վճռաբեկ դատարանը 30.04.2015թ. որոշմամբ բավարարել է թիվ ԵԿԴ 2128/02/13 քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքը:

Վերլուծելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 232, 237, 213-րդ հոդվածները և ՀՀ քաղաքացիական օրչենագրքի 17, 1058 հոդվածները Վճռաբեկ դատարանը գտել է.
<Վկայակոչված հոդվածների վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ աշխատանքային հարաբերություններում վնասի ինստիտուտի առանձնահատկությունները հանգում են հետևյալին` պատճառված վնասի համար պատասխանատվության վերը շարադրված պայմաններին ավելանում են ևս երկու պայման, այն է` վնաս պատճառողն ու տուժողն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ, և վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ: Ընդ որում, պատճառված վնասի համար պատասխանատվության մյուս տարրերն աշխատողի նյութական պատասխանատվության դեպքում հարկ է դիտարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդվածի համատեքստում, որը թվարկում է աշխատողի նյութական պատասխանատվության դեպքերը` սպառիչ սահմանելով վնաս պատճառելուն ուղղված հակաիրավական վարքագծի դրսևորումները (տե՛ս, Նելլի Մկրտչյանն ընդդեմ <<Երևան հյուրանոց>> բաց բաժնետիրական ընկերության թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով վկայակոչված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկել վնասի պատճառման հարցում անձի մեղքի առկայության կամ բացակայության հարցը ենթադրաբար վնաս պատճառած անձի կողմից հնարավոր բացասական հետևանքների՝ վնասի, նախականխմանն ուղղված որոշակի գործողությունների կատարման կամ չկատարման համատեքստում:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ քաղաքացիական իրավահարաբերություններում մեղքն արտահայտվում է անձի վերաբերմունքով ոչ միայն իր արարքի, այլև դրա հետևանքների նկատմամբ: Այսինքն` զուտ հակաիրավական արարք թույլ տալու փաստը դեռևս չի վկայում անձի մոտ մեղքի առկայության մասին, ուստի դատարանները նշված հանգամանքը գնահատելիս նաև պետք է պարզեն այդպիսի արարք թույլ տված անձի վերաբերմունքը հնարավոր բացասական հետևանքների նկատմամբ:
Եթե դիտավորության դեպքում վնաս պատճառած անձը ցանկանում է կամ անտարբերությամբ թույլ է տալիս իր հակաիրավական արարքի հետևանքների առաջացումը, ապա անզգուշության պարագայում անձը, մի դեպքում կանխատեսելով իր վարքի բացասական հետևանքները, առանց բավարար հիմքերի կարծում է, թե դրանք կկանխվեն, կամ մեկ այլ դեպքում՝ ընդհանրապես չի կանխատեսում իր արարքի հետևանքները, չնայած պարտավոր էր կանխատեսել:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ անձը հակաիրավական գործողությունների կատարումից (կամ անգործության դրսևորումից) հետո մինչև բացասական հետևանքների վրա հասնելը պատշաճ կերպով ձեռնարկում է պատճառվելիք վնասը կանխելու ուղղությամբ օբյեկտիվորեն հնարավոր, անհրաժեշտ և իրենից կախված բոլոր միջոցները, ապա տվյալ իրավիճակում կարող է հավաստել ենթադրաբար վնաս պատճառած անձի մեղքի բացակայությունը: Հետևաբար, ենթադրյալ վնաս պատճառած անձի կողմից ձեռնարկված համապատասխան միջոցների վերաբերյալ ապացույցների առկայությունը, որոնք վկայում են նաև նման պայմաններում իրենից պահանջվող պատշաճ չափով հոգատարության և շրջահայացության դրսևորման փաստի մասին, կարող է հիմք հանդիսանալ տվյալ անձին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունից ազատելու համար:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ մեղքի ձևը հատկապես կարևորվում է աշխատանքային հարաբերություններում պատճառված վնասի համար պատասխանատվության հարցը լուծելիս: Այսպես, օրինակ` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 238-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից, բացառությամբ նույն օրենսգրքի 239-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, եթե վնասը պատճառվել է դիտավորությամբ: